38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեսրոպյան այբուբենը` տիեզերքում

Մեսրոպյան այբուբենը` տիեզերքում
01.03.2013 | 12:11

Այսօր արդեն կարելի է փաստել, որ հայկական գրատպության 500-ամյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելն այնքան էլ ոգևորություն չառաջացրին, հետևապես, չդարձան համազգային տոն։ Տարվա ընթացքում հաջողված ու չհաջողված միջոցառումներ, անշուշտ, տեղի ունեցան, բայց... Անգամ պատմության մեջ ամրագրվող եզակի իրողությունն աննկատ մնաց։ Իսկ դա այն է, որ աշխարհներ տեսած և աշխարհներ շրջած մեր մեսրոպյան տառերը «Պրոգրես» տիեզերանավով երկինք բարձրացրին միջազգային թռիչքի մասնակից տիեզերագնացներ Յուրի Մալենչենկոն (ՌԴ), Սանիտա ՈՒիլյամսը (ԱՄՆ) և Ակիխիկո Խոշիդան (Ճապոնիա)։

Յուրօրինակ այս մտահղացումը կոնկրետ հեղինակ չունի. գաղափարը ծնվել է 6 տարի առաջ` Մոսկվայում, երբ հայ և ռուս ժողովուրդների հոգևոր առաջնորդների, մտավորականության, գիտության և մշակույթի երևելիների ներկայությամբ նշվում էր հայ գրերի գյուտի 1600-ամյակը։ Տառերի «տիեզերական ճանապարհորդության» հարցը տարբեր ատյաններում շարունակաբար եղել է քննարկման խնդիր, որին մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Խնդիրը, ի վերջո, ստացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունը։
Հայկական տառերը, որ նոր տեխնոլոգիայով ստացված մագաղաթանման թղթի վրա պատկերել է վարպետ Արարատ Սարգսյանը, մագաղաթանման տիեզերքում երեք շաբաթ մնալուց հետո «վերադարձել» են Երկիր, և հանդիսավոր պայմաններում, տիեզերագնացների վավերացրած սերտիֆիկատի հետ փոխանցվել մեր պատվիրակությանը` ի դեմս Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը, փաստորեն, առաջինն է ձեռքն առել Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ստացած այբուբենը, և տպավորված է կատարվածով. «Սա առաջին դեպքն է, որ հայ տառը, որը մեր պետական պահպանության կարևոր բաղադրիչներից մեկն է, տիեզերք է ուղարկվել որպես քաղաքակրթության նմուշ, ինչը մեզ համար անչափ կարևոր է»։
Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ մինչ այս երեք անգամ տիեզերք են ուղարկվել մշակութային տարբեր արժեքներ, հիմնականում սրբապատկերներ։ Իսկ թե ինչո՞ւ հայոց այբուբենը, այս մասին «Զվյոզդնի գորոդոկում» համոզիչ բացատրություն է տվել մտահղացման մասնակիցներից մեկը` Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը. «Հնագույն այբուբեններ կան մարդկության կողմից ստեղծված, բայց հայկականի առանձնահատկությունն այն է, որ 1600-ամյա գոյության և գործածության ընթացքում փոփոխությունների չի ենթարկվել և աշխարհով մեկ սփռված հայերի միասնությունն է ապահովել»։
Մեր գիր ու գրականության գրավչության մասին իր վերաբերմունքը չի թաքցրել նաև տիեզերագնացներից մեկը. «Ափսոսում եմ, որ տիեզերքում չհասցրի յուրացնել հայկական այբուբենը»։ Կեսկատակ, կեսլուրջ ասվածի մեջ կա մի բացթողում. տիեզերագնացների մի խումբ գարնանը գալու է Հայաստան` գիտնականների ուսումնասիրություններին ծանոթանալու և համատեղ ուժերով գիտատեխնիկական առաջընթացին հնարավորինս նպաստելու առաքելությամբ։ Նախատեսված է քայլեր ձեռնարկել նաև Երևանի պետական համալսարանում աստղաֆիզիկայի ֆակուլտետի վերականգնման ուղղությամբ։
Սակայն այստեղ են ասել. «Ջուրը չտեսած` չեն բոբիկանում»։ Իսկ մենք սիրում ենք ոչ միայն ժամանակից առաջ ընկնել, այլև շատ դեպքերում տեր չենք կանգնում իրողություններին։ Օրինակ, ինչո՞վ բացատրել այն փաստը, որ Երկիր մոլորակի շուրջը բազում պտույտներ գործած հայոց այբուբենը մինչև հիմա չունի մշտական հանգրվան։ Որտե՞ղ և ինչպե՞ս է այն պահվելու` Ազգային արխիվո՞ւմ, Մատենադարանո՞ւմ, թե՞ Ազգային գրադարանում։ Ի՞նչն է խանգարում մշակույթի նախարարությանը լուծելու այս պարզունակ հարցը։
Ժամանակ չունե՞ն, թե՞ իրողությունը չեն կարևորում։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 8268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ